ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ապատեղեկատվություն և անհեթեթություն է անվանել Ուկրաինայում կիրառելու նպատակով ՌԴ-ի և Իրանի միջև հարվածային ԱԹՍ-ների խմբաքանակ գնելու պայմանավորվածության վերաբերյալ ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հայտարարությունը։
«Վաշինգտոնի կողմից նման ապատեղեկատվություններն արդեն սովորական են դարձել։ Ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցչի հերթական անհեթեթ պնդումը Մոսկվայում անկեղծ տարակուսանք է առաջացրել, սակայն մենք այն թողնում են Ջեյք Սալիվանի խղճին»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
ԱԳՆ-ի աղբյուրը հավելել է նաև, որ ըստ ամենայնի` այդ հայտարարությունը հուլիսի 13-16-ը նախանշված Ջո Բայդենի մերձավորարևելյան շրջագայության համար է արված և նպատակն է՝ ապատեղեկատվության միջոցով լրացուցիչ հակաիրանական տրամադրություններ ստեղծել արաբական պետություններում ռազմատեխնիկական զգայուն ոլորտի միջոցով։
«Ու թեև ԻԻՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին արդեն հերքել է այդ լուրը, կցանկանայինք նշել, որ տեղեկատվական առիթն անհաջող է ընտրված, իսկ Սալիվանի մտորումները քիչ համոզիչ են և լիովին զուրկ տրամաբանությունից։ Չէ՞ որ իրանական արտադրության բարձր արդյունավետության անօդաչուների տեղափոխումը Մերձավոր Արևելքից հեռու գտնվող ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմ էապես կնվազեցներ դրանց անմիջական կիրառումը տարածաշրջանում ու հազիվ թե կարողանար արաբական երկրներում մտահոգություն առաջացնել»,- եզրահանգել է նախարարության աղբյուրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանի կողմից Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ հաստատող տեղեկություն չունեն, սակայն տվյալներ կան, որ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում։