Ռուսաստանից գեղասահորդների խումբ է գալիս Հայաստան

Գեղասահք
Մարզիչ Ռուկավիցինի թիմին կմիանան նաև Դմիտրի Ալիևն ու Մակար Իգնատովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մարզիչ Եվգենի Ռուկավիցինի թիմը հուլիսի 14-ին կժամանի Հայաստան` մասնակցելու ուսումնամարզական հավաքի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուկավիցինը։
«Վաղը ամբողջ թիմով Երևան ենք մեկնում` հավաքի։ Ալիևն ու Իգնատովը մեզ կմիանան մեկ օրից, նրանք մասնակցում են Նիժնի Նովգորոդում անցկացվող շոուին», – ասել է ռուսաստանցի մարզիչը։
Ռուկավիցինն աշխատում է Սանկտ Պետերբուրգի գեղասահքի ակադեմիայում, նրա խմբի առաջատարներն են 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Դմիտրի Ալիևն ու 2021 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր Մակար Իգնատովը։
Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացրին 2015 թվականի աշխարհի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ելիզավետա Տուկտամիշևան և 2018 թվականի օլիմպիական խաղերի թիմային մրցումների արծաթե մեդալակիր, Ռուսաստանի եռակի չեմպիոն Միխայիլ Կոլյադան։ Երևան գեղասահորդների հետ ժամանել էր նաև լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինը։