ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք մուտք գործելու նոր կարգ է սահմանվել այցելուների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Գերատեսչությունը 2021 թվականին հայտարարել էր, որ Նորաշենի արգելոց մուտքն արգելվում է։
«Այսուհետ Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-ից 18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող է մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ»,- հայտնում են նախարարությունից։
Նախկինում այս սահմանափակումները չեն եղել։
Նշենք, որ արգելոցի և արգելավայրի տարածքում թույլատրվում է`
բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը,
ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը,
ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 քմ մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ,
կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը,
Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:
Արգելոցի և արգելավայրի տարածքում արգելվում է՝
մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների),
թռչունների ձվերի հավաքը,
թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն),
ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը,
տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով,
խարույկ վառելը և հրդեհածին գործունեության այլ դրսևորումներ,
արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:
Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում արգելվում է`
ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն,
ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը,
շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի,
ջրային տարածքի աղտոտումը։
ՀՀ քաղաքացիների համար մուտքը 1500 դրամ է, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 դրամ:
Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։