ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակ, խաղաղությանն ուղղված քայլեր. Փաշինյանն ընդունել է Կլաարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է կարճատև այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:
«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունը, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:
Տեղեկացվում է, որ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդունել Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Հայտնել էինք, որ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին ժամանել է Երևան և լուսանկար է հրապարակել Twitter–ում։