Իսրայելը տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցություն կծավալի ԱՄՆ ղեկավարությամբ

Իսրայելյան բանակ. Արխիվային լուսանկար
Հանցը շնորհակալություն է հայտնել Բայդենին «Երկաթե գմբեթ» համակարգերի ֆինանսավորումն ավելացնելու համար. այդ նպատակով ԱՄՆ–ն վերջերս 1 մլրդ դոլար է հատկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իսրայելը մտադիր է ԱՄՆ ղեկավարությամբ զարգացնել պաշտպանական համագործակցությունը մերձարևելյան տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի ՊՆ–ին։
«Տարածաշրջանային մեր համագործակցությունը երկրներ է ներառում, որոնք կայունության և խաղաղության են ձգտում։ ԱՄՆ ղեկավարության ներքո տարածաշրջանային ճարտարապետությունն ու կայունությունը կնպաստեն տնտեսական աճին և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Համոզված եմ, որ ձեր ղեկավարության տակ և ԱՄՆ անվտանգության ծառայությունների հետ համատեղ մենք կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը օդում, ջրում, ցամաքում և կիբեռտիրույթում», – հայտարարել է պաշտպանության նախարարը։
Ինչպես նշել է Հանցը, Իսրայելի և ԱՄՆ–ի կապն այսօր ավելի ամուր է, քան երբևէ։
«Իսրայել պետությունը համոզված է, որ նախագահը կշարունակի միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար», – ընդգծել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում ԱՄՆ նախագահի համար ճեպազրույց է անցկացրել տարածաշրջանային հարցերի շուրջ, օդանավակայանում կայացել է նաև իսրայելական բանակի սպառազինությունը համալրած ՀՀՊ համակարգերի, այդ թվում վերջին մշակման` «Երկաթե շող» նորագույն լազերային համակարգի ցուցադրությունը։
Հանցը շնորհակալություն է հայտնել Բայդենին նաև «Երկաթե գմբեթ» համակարգերի ֆինանսավորումն ավելացնելու համար, որին ԱՄՆ–ն վերջերս 1 մլրդ դոլար է հատկացրել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր տվեց Մերձավոր Արևելք իր այցի մեկնարկը։ Հուլիսի 13-16-ը ԱՄՆ առաջնորդը, Իսրայելից բացի, կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա։