Իրանի հատուկ ծառայությունները ահաբեկիչների են ձերբակալել. գործակալություն

Իրանի դրոշը
Ահաբեկչական խումբը բաղկացած է եղել տասը մարդուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իրանի հատուկ ծառայությունները երեկ Քրդստանի հյուսիս-արևմտյան նահանգում ահաբեկիչների խումբ են հայտնաբերել և ձերբակալել, որոնք մտադիր էին մի շարք դիվերսիոն գործողություններ իրականացնել Իրանի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tasnim գործակալությանը։

«Բացահայտվել և ձերբակալվել են ահաբեկչական ցանցի բոլոր մասնակիցները, որոնք կապված են երկրի հյուսիս-արևմուտքի անջատականների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ահաբեկիչների խումբը բաղկացած է եղել 10 հոգուց։ Tasnim-ի տվյալներով՝ նրանց խնդիրը եղել է քայքայիչ գործունեությունը, այն է՝ հարձակումը Իրանի առանցքային տնտեսական օբյեկտների վրա, ինչպես նաև տեղի բնակչության, հատկապես հաջողակ գործարարների նկատմամբ շանտաժն ու նրանցից միջոցների շորթումը: