ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խոսքը 2015թ–ի հունվարի 1-ից սահմանված և մինչ օրս գործող արգելքի մասին է։
Սահմանափակումները, որոնք 7 տարի առաջ սահմանվել էին` հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) տվյալները, վերցվել են նույն այդ հիմքով։
Հիշեցնենք` 2015թ–ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրվել էր թռչնի գրիպի բռնկում, որի մուտքը ՀՀ կանխելու նպատակով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ժամանակավորապես արգելվել էր այդ երկրից թռչնի, թռչնամթերքի, ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: