ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Կարսի նահանգի գյուղերից մեկում՝ հայ-թուրքական սահմանի մոտ, արդեն 20 օր է` ականազերծման աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում է թուրքական «Կարս» թերթը՝ չնշելով տեղեկության աղբյուրը։
Ականզերծման աշխատանքներն իրականացվում են Կարսի նահանգի Աքյաքա շրջանի Իբիշքյոյ գյուղի մոտակայքում։ Աղբյուրը գրում է, որ ականազերծման աշխատանքներով զբաղվում է իսրայելական ծագում ունեցող մի ընկերություն։ Այն ներկայացվում է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների արդյունք։
Թուրքական լրատվամիջոցը նաև ընդգծում է, որ պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։