ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Գերմանիան օգոստոսի 1-ին ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածուխ գնելը, իսկ դեկտեմբերի 31-ից կհրաժարվի նաև ռուսական նավթից։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսին։
«Յուրաքանչյուր մարդ, որը ծանոթ է «Բարեկամություն» նավթամուղի պատմությանը, որն արդեն Արևելյան Եվրոպայում խորհրդային կայսրության գործիքն էր, գիտի, որ այդ կախվածությունից ազատվելը սովորական բան չէ, բայց դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից», - ասել է Կուկիսը:
Նրա խոսքով՝ Գերմանիայի համար առանցքային ու բավական բարդ խնդիր է լինելու ռուսական գազից հրաժարվելու համար լուծումներ գտնելը։ Դրա համար այն պետք է արագ զարգացնի հեղուկացված բնական գազ ստանալու տերմինալները։
Կուկիսը նաև նշել է, որ «ԱՄՆ-ն ու Կատարը կարող են միասին Եվրոպա մատակարարել մոտ 30 մլրդ խորանարդ մետր գազ՝ հեղուկ գազի տեսքով», սակայն այդ թիվը բավարար չէ ռուսական երկնագույն վառելիքի փոխարինման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։