ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Բիրմիգհեմում հուլիսի 1-6-ն անցկացված ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովում չի հաջողվել բանաձևերում ներառել ՀՀ-ին կամ Արցախին առնչվող որևէ՝ անգամ մարդասիրական լրացում, որը կվերաբերեր գերիների վերադարձին, տեղահանվածների հիմնախնդիրներին, մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը մասնակցել է վեհաժողովին։
Նրա խոսքով` վեհաժողովն ամբողջովին սևեռված էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա` բոլոր բանաձևերն ուղղված էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական և տնտեսական սանկցիաների խստացմանը:
«Իմ 2 ելույթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անխուսափելիության, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գերիների ազատման, ինքնորոշման իրավունքի և հումանիտար խնդիրների մասին։ Սակայն ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է` Ադրբեջանը, Հայաստանն ու Շարլ Միշելը պայմանավորվել են»,- գրել է Գալստյանը։
Նա նշել է, որ պարտություններից ու շարունակվող վայրէջքներից հետո առաջին անգամ բախվել է միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացվածությանը։ Գալստյանը կարծում է, որ Հայաստանը չկար, որովհետև պաշտոնական Հայաստանի կողմից վարվող «խաղաղության» օրակարգը ջնջել, չեզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։
Ըստ պատգամավորի` ոչ պակաս կարևոր է, որ Ադրբեջանն ու Թուրքիան «աներևակայելի կրքով» քվեարկում էին Ռուսաստանին դեմ, նրա ռազմաքաղաքական և տնտեսական մեկուսացումը կատարյալ դարձնող բոլոր բանաձևերի օգտին։