Կատաղի բանավեճեր սոցիալական ցանցերում, կոլեկտիվ նամակներ` խորհրդային ժամանակների ոգով, հանդիմանական ճառեր... Քաղաքացիները փրփուրը բերանին քննադատում են Հայաստանում Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարը։
Մեկ բաժակ ջրում ծավալված այս ամբողջ փոթորիկի հետևում զգացվում է Հայաստանի գլխավոր «մտածողի»՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերը։ Հայաստանում տիրող քաոսի մեջտեղում «մեռյալ լեզուների գիտակը» հենց այդ «խնդրին» ուղղեց հայերի հայացքները։ Իսկ գործող վարչապետի թիմը շատ հմտորեն կրակի վրա յուղ լցրեց ՝ թույլտվությունների հետ խառնաշփոթ սարքելով և վերջնականապես խճճելով իրավիճակը։
Փոխարենը` վերջնականապես մոռացվեցին Բաքվի և Անկարայի հետ բանակցային գործընթացները, Արցախի և Սյունիքի ճակատագիրը, գերիների վերադարձի և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները։
Իսկ ռևանշիստներն ովքե՞ր են
«Դիմադրության» շարժման բողոքի ցույցերի օրերին Փաշինյանի կուսակցության պատգամավորները ընդդիմությանը մեղադրում էին ռևանշիզմի համար, հայտարարելով, թե «նախկիններն» ուզում են վերադարձնել իշխանությունը։ Ով էլ խոսեր, ինչպես ասում են...
Միայն կույրը կարող է չնկատել, որ ներկայիս ղեկավարության կորիզը` «թավշե հեղափոխականի» գլխավորությամբ, կազմում են Տեր-Պետրոսյանի համախոհները, կողմնակիցները կամ աշակերտները։ Քաղցկեղային ուռուցքը մետաստազներ է տվել, թափանցելով իշխանության բոլոր կաբինետները։ Վահագն Խաչատուրյան, Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Քոչարյան... Ինչպես տեսնում ենք` «ծեր ձիերը» Տեր-Պետրոսյանի ակոսը չեն փչացրել և իրենց գլխավոր գաղափարախոսի ծրագիրը համառորեն կյանքի են կոչում։
Նրանց օգնում են նաև Տեր-Պետրոսյանի թիմի երիտասարդ թևի ներկայացուցիչները` Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան... Բոլորին չես թվարկի։
Ուրեմն, ի՞նչ «նախկինների ռևանշի» մասին են խոսում ներկայիս թիմի ներկայացուցիչները, եթե ռևանշիստները, ըստ էության, հենց իրենք են... Տեր-Պետրոսյանը մի տեսակ տեղական Գյուլեն դարձավ, անցած տասնամյակների ընթացքում «խորքային պետություն» կառուցեց և չորս տարի առաջ իր «վաշտերը» դուրս բերեց Երևանի փողոցներ։
Վերադարձել է Սիրադեղյանների՞ ժամանակը
2022 թվականի նոյեմբեր... Հայաստան բերեցին ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանի աճյունը։ Աքսորում մահացած 90-ականների օդիոզ քաղգործչին հրաժեշտ տվեցին հանդիսավոր կերպով, պետական բոլոր պատիվներով։ Քաղաքացիական հոգեհանգստին ներկա էին անձամբ վարչապետն ու Սիրադեղյանի ընկերակիցները` ՀՀՇ-ից։
«Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ չէ... Նա երևույթ է»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
«Երևո՞ւյթ»։ Նա, ում անունն ասոցացվում է մութ ու ցուրտ 90-ականների, անկախ Հայաստանի առաջին պատվիրված սպանությունների, ռեյդային զավթումների, հանցավորության, բենզինային պատերազմների հետ։
Ժամանակները բառացիորեն մութ էին։ Այն ժամանակվա նախագահը «Պարոն Խավարի» վերածվեց` Արևմուտքի պահանջով կանգնեցնելով ատոմակայանը և երկիրը լիակատար մթության մեջ թաղելով։ Բայց չի լինում խավար, որտեղ լույս չլինի։ Եվ հայ ժողովրդի համար «Մսյո Լույս» դարձավ Շառլ Ազնավուրը, որը վճարեց երկրի բնակչության հոսանքի հաշիվները։
Այսօր 90-ականների կերպարները բեմահարթակ են վերադարձել։ Ի՞նչ արժե հենց միայն Հայաստանի նախկին օլիգարխ, իսկ հիմա` շարքային «ժողովրդի ծառա» Խաչատուր Սուքիասյանը։
Ինչո՞ւ նախկին։ Դե մենք հիմա օլիգարխներ չունենք։ Այդպես էր խոսում (չէ՛, ո՛չ Զրադաշտը)... Փաշինյանը։ Բայց, ախր, կեղծում է։ Նայե՛ք Սուքիասյանին։ «Ողջ-առողջ է և նույնիսկ բավական կերած-խմած»։ Եվ ի՜նչ տեսողություն ունի, ով ասես՝ կնախանձի։ Միայն նրան հաջողվեց տեսնել, թե ինչ չափի կոշիկ է հագնում երրորդ նախագահը։ Ճշմարիտ որ Բազեի Աչքն է Սուքիասյանը։
Եվ ոչինչ, որ Սուքիասյանը «թավշյա հեղափոխությունից» հետո թե՛ բենզինի շուկա մտավ, թե՛ ավիաընկերություն գնեց...Ամեն ինչ «ազնվորեն է, առանց խաբեության»։ Ինչպես և այն ընկերությունում, որտեղ տնօրենի պաշտոնում քրտնաջան տքնում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբայրը։ Բայց դե իրոք, հո ձեռքը մեկնած ման չի գալու...
Ներկայիս իշխանությունները շատ են սիրում օրինակ բերել «Սինգապուրի հրաշքը»։ Ափսոս, որ ոչ ոք նրանց չի հուշել, որ այդ հրաշքը ստեղծողը` Լի Կուան Յուն, կոռուպցիան հաղթելու համար սեփական կողմնակիցներից էր սկսել։ Փաշինյանն այլ ճանապարհ ընտրեց, սկսելով հակառակորդներից։
...Մռայլ 90-ականներին փրկում էր այն, որ Սիրադեղյանից բացի կար նաև մի այնպիսի գործիչ, ինչպիսին Վազգեն Սարգսյանն էր։ Առանց նրա ոգու և հայերի հաջողության հանդեպ նրա հավատի Արցախյան պատերազմում այն ժամանակվա հաղթանակը, իհարկե, անհնար է պատկերացնել։
...էլ ավելի մռայլ 2020-ականներին այդպիսի հերոս, ցավոք, դեռ չի գտնվել։
Դելփյան պատգամախո՞ս, թե՞ կռկռացող ագռավ
Չնայած իր չեզոքությունը ցույց տալու, ինքն իրեն քաղաքական պայքարից վեր կանգնած ներկայացնելու փորձերին, Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, ստիպված է լինում օգնության հասնել ներկայիս վարչապետին։
«Կապիտուլյացիայի ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը»,- վերջերս հայտարարեց նա, ավելացնելով, որ վարչապետի փոխարեն ով էլ լիներ, անխուսափելիորեն ստորագրելու էր իրեն առաջարկված փաստաթուղթը։
Առհասարակ անխուսափելիությունն ու դատապարտվածությունը Տեր-Պետրոսյանի սիրած հանգերգն է։ Նրա բոլոր հետպատերազմական ելույթների ոճը կարելի է նկարագրել մի արտահայտությամբ. «Ախր ես ասում էի... Դեռ այն ժամանակ էի ասում»։ Ոչ ավել, ոչ պակաս` «դելփյան պատգամախոս»։
Մինչդեռ հենց նրա բնի` 2018-ին իշխանության եկած ճտերն ամեն ինչ արեցին, որ նրա «մարգարեությունները» կատարվեն։ Որպեսզի ժողովուրդը, որը ժամանակին զզվանքով մերժել էր արցախան «կարգավորման» նրա ծրագիրը, հանկարծ սկսի հավատալ, որ նա «մարգարե» է և նախօրոք է իմացել, թե ինչով է ամեն ինչ վերջանալու։
Միայն թե մարգարեություն չէ, այլ «բայղուշություն»։ Ոչ ոք այսօր չի խոսում այն մասին, որ կարգավորման «տարածքներ կարգավիճակի դիմաց» տարբերակը հենց նրա օրոք է մտել շրջանառության մեջ։ Այլ հարց է, որ մյուս նախագահներն այդպես էլ չկարողացան փոխել այդ մտայնությունը։ Փոխարենը Տեր-Պետրոսյանի հետևորդներից շատերը հիմա անդադար խոսում են կարգավիճակի, «բուֆերային գոտու», հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ նրա «իմաստուն» դիրքորոշման մասին։
Դե ինչ, Տեր-Պետրոսյանն իր գաղափարները առաջ մղելու համար այսօր թե՛ տորպեդ ունի՝ ի դեմս Փաշինյանի, որը հայտարարում է Արցախի կարգավիճակի նշաձողը նվազեցնելու անհրաժեշտության մասին, թե՛ պարսպակործան` ի դեմս Սուքիասյանի, որն օր ու գիշեր լոբբիավորում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը։
Առևտրականների ոչ մեծ մի կույտ երազում տեսնում է, թե ինչպես է բացվում սահմանը, որպեսզի հագեցնի փողի ծարավը։ Բայց սահմանը նրանք չեն փակել և նրանք չեն, որ պիտի բացեն։ Իսկ եթե այն բացվի, ապա հաստատ հանուն նրանց չի բացվելու, թեև, իհարկե, սեղանից նրանց էլ փշուրներ կհասնեն։
Մայր Հայաստանի, լաոյի և զարթնելու մասին
Հայաստանում 2022–ի բողոքի շարժման խորհրդանիշներից մեկը դարձավ «Զարթնի՛ր, լաո» երգը, որում մայրն արթնացնում է որդուն, պատմելով, թե ինչ ողբերգական վիճակում են հայտնվել հայերը և թշնամու դեմ պայքարի կոչ անելով։
Ընդդիմությունը տեղյակ չէ, որ որդին զարթնել է, դեռ 80-ականների վերջին է զարթնել։ Միայն թե հիմա սիրասուն Մայր Հայաստանի փոխարեն խորթ մորն է տեսնում, որը նրան երկու միջնամատ է ցույց տալիս։
Հնարավոր է՝ մոր նյարդերը չեն դիմացել...
Ժամանակակից Մայր-Հայաստանի նյարդերն իսկապե՞ս սպառվել են, եթե իր զավակներին օտարի պես է վերաբերում...
Մի բան պարզ է. ժամանակն է հասկանալու, որ Հայաստանի առաջին նախագահի մտքերից մեռելահոտ է գալիս, որքան էլ դրանք վերակենդանացնելու հուսահատ ջանքեր գործադրեն։
Վերջաբանի փոխարեն
Իհարկե, մենք բոլորս քննադատելու վարպետ ենք։ Շատ ավելի դժվար է գոնե մի հատիկ դրական բան տեսնել... Վերջին ժամանակներս երկու այդպիսի հիշարժան պահ եղել է։
Առաջինը. վերջապես հաջողվեց արբանյակ ունենալ, թեկուզ և ոչ ռազմական։ Այն, որ Հայաստանն այդ ուղղությունը զարգացնելու կարիք ունի, կասկածից դուրս է։ Այո, կարելի է մինուսներ ու թերացումներ գտնել, բայց ծրագրի մեկնարկը տրված է։ Եվ ընդամենը 5 միլիոն դոլար պահանջվեց, որը նախորդ տասնամյակների ընթացքում այդպես էլ չէր գտնվել խորովածանոցների ու փռերի մասշտաբով մտածելուն սովորած հայ հարուստների գրպանում։
Երկրորդ. Ռուսաստանից ժամանածները իրենց կամքով Հայաստանում շաբաթօրյակ կազմակերպեցին, ամբողջ տարածքներ մաքրելով կենցաղային աղբից։ Եվ հրաշք կատարվեց։ Մենք հանկարծ ամաչեցինք... ինքներս մեզնից։ Երբ ամոթի զգացումը վերջնականապես կորսված չէ, ուրեմն դեպի լավը փոխվելու հույս կա։
Ինչ վերաբերում է Ծառուկյանին, որի գաղափարից էլ սկսեցինք այս հոդվածը, ապա շատ կուզեի հույս ունենալ, որ նա իր խնամուն` պարոն Սուքիասյանին ևս կշեղի «թուրքական նախագծից» և կվերածի «հայ երեխաների մեծ բարեկամի»։ Իսկ դրա համար շատ բան պետք չէ, ընդամենը կենդանաբանական այգի կառուցել «դժբախտ, դժգույն քաղաքում»...