Բացօթյա օբյեկտներում մոռանում են ծխախոտային արգելքի մասին. քանի՞ արձանագրություն է կազմվել

Խախտման համար տուգանք է նախատեսված։ Վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:
Sputnik
2022 թվականի մարտի 15-ից մինչ օրս ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումները խախտելու համար 1067 արձանագրություն է կազմվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
2022 թ. մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն):

«Քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա: Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Տուգանքի չափը ծխախոտ օգտագործող քաղաքացու համար հիմնականում կազմում է 50 հազար դրամ, իսկ սննդի կետերի տնօրենության համար՝ 150-200 հազար դրամ: Վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:
Սննդի վայրեր գնացեք առանց սիգարետի. որտե՞ղ չի կարելի ծխել