ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Նշենք, որ, համաձայն, «Զվարթնոց» օդանավակայանի կայքում հրապարակված չվացուցակի, ժամը 20։00-ից հետո Հայաստան ժամանող 3 չվերթները` Թբիլիսիից, Վիլնյուսից ու Մոսկվայից, «Զվարթնոց» կհասնեն ուշացումով։
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։