Ադրբեջանական հատուկ ծառայությունները տիրանում են «Ֆեյսբուքի» հայկական օգտահաշիվներին

Գերատեսչությունը Արցախի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվներին ու դրանցով «թշնամուն պետական ու ռազմական գաղտնիք տրամադրող քաղաքացիների վերաբերյալ» կեղծ լուրեր տարածել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։
Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար»,– ասված է ԱՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը Արցախի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։