ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերը Հայաստանում գույք չեն գնել, տնտեսական գործունեություն չեն ծավալել, նույնիսկ Հայաստան չեն այցելել: Եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ստանալու համար։
Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է խստացնել ազգությամբ հայ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում այսօր հրապարակված նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր պայման սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր բնակվելու պահանջը:
Նախագծի հիմնավորման մեջ հիշեցվում է, որ ազգությամբ հայերը ՀՀ Սահմանադրությամբ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք են ստանում Հայաստանում բնակություն հաստատելու պահից։ Բայց «Քաղաքացիության մասին» օրենքը չի հստակեցնում, թե ինչ հիմքով ու որ պահից սկսած է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած:
«Օրենքում հիշատակված չէ բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը, հետևաբար օրենքն առանց որևէ նախապայմանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվել ազգությամբ հայերին»,– եզրակացնում են նախագծի հեղինակները։
Նրանց համոզմամբ` սփյուռքահայերին նման հնարավորություն տալով` տարիներ առաջ փորձ է արվել խթանել հայրենադարձությունը։ Սակայն ԱԱԾ–ն սեփական ուսումնասիրությունն է արել ու պարզել, որ իրականում այն այդ նպատակին չի ծառայել։
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»,– նշում է ԱԱԾ–ն։
Պետական կառույցի հիմնավորմամբ` խնդիրներ են առաջանում նաև ազգային պատկանելիության հիմնավորման հարցում, քանի որ օտարերկրյա անձնագրերում ու այլ փաստաթղթերում հաճախ ազգային պատկանելիության մասին նշումները բացակայում են։
Նման դեպքերում հիմք են ընդունվում կառավարության 2007 թվականի որոշմամբ սահմանված` ազգությամբ հայ լինելու փաստը հավաստող փաստաթղթերը (տատի, պապի, ծնողների կամ նրանցից մեկի Հայ առաքելական, Հայ ավետարանական և Հայ կաթողիկե եկեղեցիների կողմից տրամադրած՝ դիմողի կամ նրա նախնիների մկրտության և հայ լինելու մասին փաստաթղթեր):
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր»,– հայտնում է ԱԱԾ–ն։
Միաժամանակ ՀՀ պատկան կառույցները ԱԱԾ–ի սահմանափակ ռեսուրսներով ու կարճ ժամկետներում հնարավորություն չեն ունենում ճշտելու ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերում նշված հանգամանքները, հատկապես առանձին երկրներում ներքաղաքական սուր լարվածության և ռազմական գործողությունների գոտիներում։
Օրինագծի հեղինակները հայտնում են, որ օրենսդրական առաջարկը ներկայացնելու համար վերլուծել են միջազգային փորձը, մասնավորապես Իսրայելինը, որտեղ ազգության հրեաներն այդ երկրի քաղաքացիություն կարող են ձեռք բերել միայն Իսրայելում հաստատվելու դեպքում:
ԱԱԾ–ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից մինչև հուլիսի 28-ը դրվել է հանրային քննարկման։ Դրանից հետո այն կներկայացվի կառավարության, իսկ հաստատվելու դեպքում` խորհրդարանի ընդունմանը։
ԱԱԾ–ն առաջարկում է նախագծին իրավական ուժ տալ դրա ընդունումից հետո` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։