Ոչ նյութական մշակութային ժառանգություն ասվածը սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներն են, գիտելիքները, պատկերացումներն ու հմտությունները։ Եթե խոսենք ուտելիքի մասին, ապա խոսքն այստեղ և՛ հայկական լավաշի, և՛ բելգիական գարեջրի, և՛ իրանական փախլավայի, և՛ մի շարք այլ բաների մասին է։ Համարձակնե՞րն են հաղթում այս հարցում։ Չկա՛ նման բան։
Խոհարարության մեջ մշակութային ժառանգության պահպանման շնորհիվ պահպանվում են նաև ավանդույթները, ազգային ինքնությունը, պայմաններ ստեղծվում խոհարարական ուտեստների լիարժեք բացահայտման համար` հասարակության շահերից ելնելով։ Դա ժողովրդի մոտ ձևավորում է առանձնահատկության և ժառանգորդ լինելու զգացումը, օգնում արվեստի զարգացմանն ու ներդրում ունենում սոցիալական միջավայրի բարելավման հարցում։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։
Ռազմական դաշտում Ռուսաստանին հաղթելու շանսեր չունենալով` Ուկրաինան որոշեց ռևանշ վերցնել բորշչի համար մղվող պայքարում։ Սակայն առանց Արևմուտքի այստեղ էլ գործը գլուխ չեկավ. ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ բորշչը ճանաչվեց Կիևի առանձնաշնորհը և ներառվեց Ուկրաինայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Միևնույն ժամանակ, իրենք պատրաստակամ են այս ուտեստի բաղադրատոմսը սիրով տրամադրել բոլոր քաղաքակիրթ երկրներին և նույնիսկ ոչ քաղաքակիրթ մարդկանց, որպեսզի նրանք էլ որևէ վառ, համեղ և ուկրաինական բան ունենան։ Այսպես ասաց Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։
«Ցավոք, նախկինում բորշչը պարզապես ուտում էին։ Մեր բորշչը պաշտպանության կարիք չունի. այն պետք է միանգամից և ամբողջությամբ ոչնչացնել ափսեից»։ Ուկրաինայի նախարարին այսպես պատասխանեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, և այդ պատասխանը շատերը հավանեցին։
Ի՞նչ կա հերթի մեջ։ Ուկրաինական ազգային մթերք խոզի մսի ճանաչո՞ւմը։ Միևնույն ժամանակ, խոհարարական մարտերը ո՛չ այսօր են հորինել, ո՛չ էլ Ուկրաինայում։ Դե, օրինակ, վերջին տասնամյակներում բազմիցս դիվանագիտական լարվածություն է առաջացել Հարավային Կորեայի և Չինաստանի միջև։ Ինչո՞ւ էին վիճում։ Վեճի առարկան թթու դրած կաղամբն էր, որը կողմերից մեկն իր ազգային ուտեստն է համարում, մյուսն ասում է` նման բան չկա։
Քիչ անց կպատմեմ նաև այս թեմայով այլ բախումների մասին, բայց մածունի ծագման առնչությամբ հայ-վրացական կոնֆլիկտը թողնել որպես վերջաբան` չեմ կարող։ Արդարացի չի լինի։
Վերջերս Վրաստանն արգելեց «մածուն» մակնշմամբ հայկական արտադրանքի տարանցումը: Արգելք է սահմանվել այն պատճառով, որ մեր հարևանները պատենտավորել են իրենց ազգային արտադրանք «մացոնին» որպես ինտելեկտուալ սեփականություն, ու այդ պատճառով այն չի կարող Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան։ Չէ՞ որ Թբիլիսին արդեն գրանցել է «մացոնին» որպես իր աշխարհագրական անվանում: Այժմ Հայաստանն իր մածունը Ռուսաստան է արտահանում «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ։ Թող որ այդպես, դրանից ապրանքն ավելի վատը չդարձավ, հարևանների հետ հո պատերազմ չե՞ս սկսի դրա համար։
Շատ ավելի բարդ է իրավիճակը կապված տոլմայի հետ, որը ադրբեջանցիները 2017 թվականից ներառել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Բայց դրանից էլ ավելի վաղ սիրված «Միմինո» ֆիլմի փառահեղ հերոսը, որին մարմնավորել է Ֆրունզիկ Մկրտչյանը նույն ֆիլմի ոչ պակաս փառահեղ մյուս կերպարին (Վախթանգ Կիկաբիձե) ասում է հետևյալը.
– Վալիկո ջան, քո ինչի՞ն է պետք մեծ ավիացիան։ Գնանք մեր տուն. մայրս տոլմա է պատրաստում։ Սիրո՞ւմ ես տոլմա։
– Ոչ։
– Որովհետև ձեզ մոտ տոլմա պատրաստել չգիտեն։ Իսկ իսկական տոլման... մմմ...
Մի երկու խոսք էլ խաշի մասին։ «Այն հայկական ծիսական ուտեստ է։ Իրենից տաք ապուր է ներկայացնում ու առանձնահատուկ է իր էությամբ, քանի որ սառը վիճակում այն ուտել պարզապես հնարավոր չէ, պարզաբանում է հանրագիտարանը (շատ լավ էլ հնարավոր է, միայն թե սառած վիճակում այդ ուտեստն այլ անվանում ունի` «խոլոդեց»,- Ս.Բ.)։ Որպես ծիսական ուտեստ խաշը մատուցվել է և՛ մեծ հավաքույթների ժամանակ, և՛ ծեսերի, և՛ ընկերական կերուխումի»։
Խաշ կերել եմ Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում, Ամերիկայում, էլ չեմ խոսում Հայաստանի մասին։ Հայերը սովորաբար պնդում էին, որ ամենահամեղ ձևով այն պատրաստում են յուրայինները, այդ մասին խոսելիս ՅՈւՆԵՍԿՕ-ի մասին չէր հիշվում։ Մեր խաշն ու մատնաքաշն ավելի լավն են, ոմանց մոտ՝ բոզբաշը, մյուսների մոտ` գուլյաշը...
Կերանք, զրուցեցինք, ցրվեցինք, ծայրահեղ դեպքում կրկին «Միմինոն» հիշեցինք։
– Մեզ մոտ` Դիլիջանում, խոհանոցում ջուրը բացում ես... աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։
– Առաջինն էլ Երևանում, չէ՞։
– Չէ՜, Սան Ֆրանցիսկոյում։
– Բա Բորժո՞մը։ Սկզբում մտածիր, հետո խոսիր։
... Ազգային ուտեստների շուրջ ծագող կոնֆլիկտներ (որոնք հաճախ գրոշ անգամ չարժեն) ծագում էին դեռ 16-րդ դարի կեսերին` կապված կարտոֆիլի հետ. պալարների ծագումը, որոնք աշխարհի բոլոր տների խոհանոցներում առկա են, մինչ օրս եվրոպացիների և Հարավային Ամերիկայի երկրների միջև վեճի առարկա է մնում։ Ո՞վ է առաջինը տապակել ու կերել, ոչ ոք դեռ չի ապացուցել։
Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում չի դադարում «հումուսային պատերազմը». հատկապես թեժ պայքար է գնում Իսրայելի և Լիբանանի միջև։
Չի կարելի ասել, թե փախլավայի հարցում ամեն ինչ հարթ է: 2012 թվականին Բարաք Օբաման Հունաստանի անկախության օրվա առիթով Սպիտակ տանը ընթրիք էր կազմակերպել։ Ուտեստները պատրաստել էր հույն շեֆ-խոհարարը, որը նկատել էր, որ նախագահը շատ էր հավանել փախլավան։ Դա նույնիսկ ոչ թե դժդոհություն, այլ վրդովմունք էր առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում, որոնք դրանում իրենց քաղցրավենիքի նկատմամբ հեղինակային իրավունքների խախտում էին տեսել։
Այսօր էլ վատ ախորժակ չի նկատվում ազգային ուտեստների շուրջ առաջացող կոնֆլիկտների հողի վրա, բայց սա չարյաց փոքրագույնն է, ինչին մեր օրերում բախվում է ողջ մարդկությունը։