Վիճակը բարելավվել է. նախարարը՝ ոտքը կորցրած լեյտենանտին հատուցումից զրկելու մասին

Արխիվային լուսանկար
Նարեկ Մկրտչյանի խոսքով` եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, մարդիկ կարող են դիմել վերափորձաքննության: Եթե դա էլ չի բավարարում` նախարարություն, որից հետո արդեն դատական կարգով կարող են բողոքարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Պատերազմում վերին կամ ստորին վերջույթները կորցրած զինվորականների հաշմանդամության կարգը քաղաքական որոշման արդյունքում չի տրվում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած լեյտենանտ Արամ Քալանթարյանի հաշմանդամության կարգը փոխելու և նրան հատուցումից զրկելու դեպքին։
Նշենք, որ Քալանթարյանը երեկ ֆեյսբուքի իր էջում բարձրացրել էր խնդիրը, որը համացանցում բուռն քննարկման առարկա էր դարձել։
Նախարարը հայտնեց, որ թե՛ գրառմանը, թե՛ խնդրին տեղյակ է, բայց երբ հաշմանդամության կարգերը մարդկանց տրվել են, սահմանված կարգով կա ժամանակահատված, որից հետո զինվորականները պետք է նոր փորձաքննություն անցնեն։
«Կա հիվանդությունների դասակարգիչ, որը հաստատվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Երբ մեր բժիշկները պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց կարգը երկրորդից դարձնում են երրորդ, դա արվում է համաձայն այդ դասակարգիչների: Այսինքն, իր առողջական վիճակի մեջ տեղի է ունեցել բարելավում: Սա պետք է դիտարկել դրական դինամիկա»,– ասաց նա:
Նա հավելեց, որ սահմանված կարգով, եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, մարդիկ կարող են դիմել վերափորձաքննության: Եթե էլի չեն բավարարում, կարող են դիմել նախարարություն: Եթե դա էլ չի բավարարում, դատական կարգով կարող են բողոքարկել։
«Երբ մարդը վերին կամ ստորին վերջութի ամպուտացիա է ունենում, պետության պարտականությունն է նրա կենսաֆունկցիաները վերականգնելու համար միջոցներ տրամադրել: Մենք իրենց տրամադրել ենք ֆունկցիոնալ պրոթեզներ: Եթե այդ պրոթեզով իր կենսաֆունկցիան վերականգնել ես, դու դարձնում ես այդ մարդուն ֆունկցիոնալ, որը կարող է աշխատել»,- ասաց Մկրտչյանը։
2022 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 440 անձանց բժշկասոցիալական փորձաքննություն։
Նշված անձանցից 183-ի մոտ սահմանվել է երրորդ խմբի հաշմանդամություն, 60 անձի մոտ` երկրորդ խմբի, մնացած դեպքերում հաշմանդամությունը 2-րդից իջեցվել է 3-րդ խումբ կամ չի սահմանվել։ Այսինքն, 123 անձի մոտ հաշմանդամություն չի սահմանվել։ Եվս 80 անձի սահմանված հաշմանդամության ժամկետը լրացել է, բայց նրանք դեռ չեն դիմել ծառայությանը։