ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը բարեկամության նոր էջ կբացի թուրք-հայկական հարաբերություններում։ Նա գրառում է արել Twitter–ում։
«Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը մի տոնական նվեր էր, որը վերստին բորբոքեց պատերազմի լուրերով պատված մեր աշխարհի խաղաղության հույսերը: Ես աղոթում եմ, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները, ոչ թե զենքը, պատերազմներն ու մահը։ Հուսով եմ, որ այս հեռախոսազրույցը կօգնի թուրք-հայկական հազարամյա հարաբերություններում բարեկամության նոր էջ բացելուն»,– գրել է նա:
Երեկ` հուլիսի 11-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ վերջինս էլ ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։