Թբիլիսիում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում. կան տուժածներ

Հրշեջ ծառայության մեքենան դեպքի վայրում. Թբիլիսի. Արխիվային լուսանկար
Ներկայումս հրդեհը չեզոքացվել է։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի բռնկումը տեղի է ունեցել էլեկտրալարերի անսարքության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Թամար թագուհու պողոտայի բնակելի շենքերից մեկում: Ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, տուժել է մեկ մարդ։
Հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկում, կրակն արագ տարածվել է մի քանի բնակարաններում՝ փայտե միջնապատերի պատճառով: Արդյունքում այրվել է հազար քառակուսի տարածք։ Ուժեղ ծխի պատճառով փրկարարները տարհանել են շենքի բոլոր բնակիչներին։
Նշվում է, որ շենքի մուտքի փայտե աստիճանն այրվել է, իսկ բնակիչները փակված են մնացել իրենց բնակարաններում: Ականատեսների խոսքով՝ տուժածը կին է։ Նա նետվել է երկրորդ հարկի պատուհանից, որից հետո նրան ոտքի կոտրվածքով տեղափոխել են հիվանդանոց։
«Մթավարի» հեռուստաալիքը հայտնում է, որ ևս մոտ մեկ տասնյակ մարդ թունավորվել է ծխից։
Տեղում 20 փրկարարական խումբ է աշխատում։ Ներկայումս հրդեհը չեզոքացվել է։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի պատճառ են դարձել անսարք էլեկտրալարերը։