Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականների պարգևավճարները գերազանցել են 48 մլն դրամը

Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը
ԱԺ–ն հրաժարվել է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության հավելվածը տրամադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ։ Տեղեկությունը «Հետքին» են հայտնել ԱԺ լրատվական վարչությունից։
«Պատգամավորները պարգևատրվել են պաշտոնային մեկ դրույքաչափի` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Նշենք, որ կախված զբաղեցրած վարչական պաշտոնից` պատգամավորների աշխատավարձերի չափը տարբեր է, օրինակ` մշտական հանձնաժողովի նախագահինը 793 680 դրամ է (հարկերը ներառյալ), հանձնաժողովի փոխնախագահինը` 694 470 դրամ է (հարկերը ներառյալ), վարչական պաշտոն չզբաղեցնող պատգամավորինը` 661 140 դրամ (հարկերը ներառյալ)»,– գրում է կայքը։
Խորհրդարանից, սակայն, հրաժարվել են ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հավելվածը տրամադրել` որակելով անձնական տվյալ:
Հիշեցնենք` ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ ընդդիմությունը չի պարգևատրվել` հաշվի առնելով անհարգելի բացակայությունները:
Հավելենք, որ Sputnik Արմենիան պարզել էր, թե նախարարներից ով որքան գումար է ստացել 2021թ.-ի ընթացքում. սոցիալական բազում խնդիրներ ունեցող Հայաստանում ամենալավ վարձատրվող նախարարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է։