ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կայցելի Թեհրան։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հաջորդ շաբաթ սպասվում է Ռուսաստանի նախագահի այցը Թեհրան:
Պեսկովի խոսքով՝ Իրանի մայրաքաղաքում Պուտինը կմասնակցի Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա:
«Այո՛, մենք կարող ենք դա հաստատել։ Իսկապես նախապատրաստվում է նախագահի այցը Թեհրան։ Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը։ Դա, ինչպես հայտնի է, սիրիական կարգավորման աջակցության գործընթաց է»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Իրանում ՌԴ նախագահի մոտ նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ շփումներ:
«Եռակողմ հանդիպումից բացի, բնականաբար, տեղի կունենա նաև երկկողմ հանդիպում։ Երեկ մենք հայտնել ենք Պուտինի և Էրդողանի միջև բարձր մակարդակի առաջիկա շփումների մասին։ Ահա այդ հանդիպումը հենց այնտեղ էլ (Թեհրրանում,- խմբ.) տեղի կունենա»,- պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսված է հուլիսի 19-ին:
Հիշեցնենք, որ Անկարայում դիվանագիտական աղբյուրը նախօրեին հայտնել էր ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների՝ բարձր մակարդակով նախատեսվող հանդիպման մասին։ Ընդ որում` նշվում էր, որ բանակցությունները կկայանան Թուրքիայում։