Նոր ՆԳՆ–ն «զրո»–ից չի հավաքվի. այն կստեղծվի ոստիկանության և ԱԻՆ–ի միավորման արդյունքում

Ոստիկանները կառավարության շենքի առջև. Արխիվային լուսանկար
Առաջիկա 10 օրվա ընթացքում օրենսդրական փաթեթը կլրամշակվի, իսկ սեպտեմբերին այն արդեն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ոստիկանության ծառայության փոխարեն Ներքին գործերի նախարարություն ստեղծման համար հիմք է ընդունվելու ԱԻՆ–ի կառավարման մոդելը։ Այս մասին այսօր ԱԺ–ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Այս ամիսների աշխատանքի ամբողջ գաղտնիքն այն էր, որ այնպիսի մի մոդել առաջարկենք, որը լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, «զրո»–ից չհավաքի մի նոր կառույց, այլ արդեն ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և մենք կարողանանք միասին ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը նաև շեշտեց, որ ասվածը չի նշանակում, թե ԱԻՆ–ը ավտոմատ վերածվելու է ՆԳՆ–ի, այլ նոր նախարարությունը իր կազմում ներառելու է ԱԻՆ–ի ու ոստիկանության ներկայիս կազմում գործող բոլոր կարևոր կառույցները։ Որոշ մարմիններ էլ կշարունակեն գործել առանձին։
«Ոստիկանությունն ուղղակի չի անվանափոխվում ու դառնում Ներքին գործերի նախարարություն։ Ոստիկանությունը պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց լինելու է նոր ՆԳՆ–ի քաղաքական կառավարման սիրտը, մի կարևոր մասը»,– ասաց Անդրեասյանը։
Արդարադատության նախարարը հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում օրենսդրական փաթեթը կլրամշակվի, իսկ սեպտեմբերին այն արդեն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։