Մոտ 17 մլն դրամ. Գյումրիում պարգևատրեցին «ալամ աշխարհի» մարզիկներին

Գյումրիում պարգևատրեցին մարզիկներին։
Ավանդույթի համաձայն` դրամական պարգևերի արժանացան 2022 թվականի առաջին կիսամյակում աշխարհի, Եվրոպայի և հանրապետական տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած գյումրեցի մարզիկները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Գյումրու քաղաքապետարանում այսօր պարգևատրեցին լավագույն արդյունքներ ցուցաբերած շիրակցի մարզիկներին և մարզիչներին։ Գյումրու ավագանին տարին երկու անգամ համայնքի բյուջեից գումար է հատկացնում տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներին պարգևատրելու համար:
Ի դեպ, կախված մրցաշարերի տեսակներից ու նվաճած մեդալներից, գումարի չափը տարբեր է:
Գյումրիում պարգևատրեցին մարզիկներին։
«Մինչ դրամական պարգևների հանձնումը շնորհավորում եմ գյումրեցու խոսքով «ալամ աշխարհի» մարզիկներին տարբեր երկրներում ու տարբեր մրցելույթների ժամանակ Հայաստանի ու հայրենի Գյումրու անունը բարձր պահելու համար»,- իր խոսքում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին գյումրեցի մարզիկների գրանցած հաղթանակների համար, նշեց, որ առաջին կիսամյակի արդյունքներն արդեն գոհացնող են ու սպասելիքները շատ:
«Այս արդյունքները մեր մարզիկների ու մարզիչների ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ են»,- ասաց պատասխանատուն։ Նա տեղեկացրեց, որ շիրակցի 50 մարզիկներ մինչ այս մասնակցել են միջազգային 21 միջոցառումների՝ աշխարհի, Եվրոպայի և այլ առաջնությունների, շահել են 41 մեդալ՝ 16 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե: Հանրապետական 37 առաջնություններում նրանք նվաճել են 279 մեդալ:
Նշենք, որ առաջին կիսամյակում պարգևատրվել է շիրակցի 21 մարզիկ և 17 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 17 մլն դրամ: