Միրզոյանն աշխատանքի է ընդունել աներձագին ու պատրաստվում է փոխել օրենքը. ԶԼՄ

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է կրկնակի կրճատել ԱԳՆ գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որոշել է ազատվել ԱԳՆ ներկայիս գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանից և նրա փոխարեն «իր մարդուն» նշանակել։
Ըստ թերթի, սակայն, այդ մարդը չի համապատասխանում օրենքով պահանջվող չափանիշներին` չունի «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով պահանջվող ստաժ։
Այդ նպատակով իշխանությունը որոշել է փոփոխություններ կատարել օրենքում։
ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հուլիսի 11-ին «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԳՆ գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը 10 տարուց իջեցնել 5 տարվա և գլխավոր քարտուղար նշանակելու իրավասությունը վերապահել ՀՀ վարչապետին` ԱԳ նախարարի առաջարկությամբ։
«Հրապարակ» թերթը, ԱԳՆ–ում իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ Արարատ Միրզոյանը նախարարությունում արդեն աշխատանքի է ընդունել իր աներձագին, ընդ որում, բաց մրցույթով։ Եվ առաջիկայում պատրաստվում է նրան գործուղել Սանկտ Պետերբուրգ՝ որպես հյուպատոս: