ՌԱԴԻՈ

Մաշալյանն Էրդողանի օգնությամբ է պատրիարք դարձել, դրա համար էլ հնազանդ է նրան․ թուրքագետ

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի թվիթերյան գրառումը
Sputnik
Սահակ Մաշալյանն Էրդողանի շնորհիվ է պատրիարք դարձել, հետևաբար նա պետք է դրական գնահատի հայ-թուրքական բանակցություններն ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի թվիթերյան գրառմանը։
«Պոլսո պատրիարքությունը և ինքը՝ պատրիարքը, մի տեսակ պատանդ են այնտեղ կառավարության ձեռքում և, ուզեն թե չուզեն՝ նման վերաբերմունք պիտի ունենան։ Երբեք պատրիարքարանը թուրքական կառավարության քայլերին հակառակ որևէ բան չի ասի»,- ասաց Լոքմագյոզյանը։
Պոլսո պատրիարքարանը չի պայքարում, կամ երբ հայերը կկարողանան լիիրավ աղոթել Աղթամարի վանքում
Սահակ Մաշալյանը, ըստ թուրքագետի, Էրդողանի հետ լավ կապեր ունի, որովհետև ուղղակի Էրդողանի կամ կառավարության միջամտությամբ է իշխանության եկել։ Ընտրությունների ժամանակ, Լոքմագյոզյանի պնդմամբ, դուրս թողնվեցին մնացած բոլոր թեկնածուները, մնաց միայն երկու թեկնածու, և Մաշալյանը դրանով մեծ առավելություն ստացավ։
Անդրադառնալով Մաշալյանի նախորդին՝ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, Լոքմագյոզյանը նշեց, որ նա էլ քիչ թե շատ լավ կապեր էր պահպանում Էրդողանի հետ՝ Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի միջնորդությամբ։
Թուրքագետի բնորոշմամբ, Թուրքիայի հայ համայնքի ու պատրիարքարանի համար ավելի խորը մտածելու խնդիր չկա, նրանք կարծում են, որ եթե ասվում է՝ հայ-թուրքական հարաբերությունները լավանում են, ուրեմն լավ է։
«Թուրքիայի հայ համայնքի մեծ մասն այդքան խորությամբ չի նայում կատարվող իրադարձություններին, չի մտածում՝ ինչ է կատարվում տողատակերում, իրենք մտածում են, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները լավանում են, ուրեմն լավ է, եթե սահմանները բացում են, ուրեմն լավ է, այդ պատճառով հիմնականում դրական են արձագանքում իրադարձություններին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Սահակ Մաշալյանը գրառում է արել Թվիթերում ու գրել, որ հուսով է՝ Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը բարեկամության նոր էջ կբացի թուրք-հայկական հարաբերություններում։
Երեկ` հուլիսի 11-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի, իսկ վերջինս էլ ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։