Լարսում լրացուցիչ 12 երթևեկելի գոտի են բացել, անցակետի թողունակությունը մեծացել է

Վերին Լարս տանող ճանապարհ
Վերին Լարսի անցակետի մոտ հերթերի գոյացումը պայմանավորված է մի քանի գործոնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հուլիսի 11-ին Վերին Լարսում, ՌԴ–ից դուրս եկող ուղղությամբ լրացուցիչ 12 երթևեկելի գոտի է շահագործման հանձնվել թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
«Այսօր 100 ավտոմեքենա է սպասում Ռուսաստանից դուրս գալուն։ Անցակետի մոտ մեքենաների հերթերի տասնապատիկ կրճատումը հնարավոր է դարձել 2022 թվականի հուլիսի 8-ից լրացուցիչ գոտիների շահագործման փուլային ներդրման շնորհիվ»,– ասվում է հաղորդագրությունում։
Վերին Լարսի անցակետի մոտ հերթերի գոյացումը պայմանավորված էր ոչ միայն օրական 200 մեքենայի թողունակությամբ, այլև արձակուրդների ժամանակահատվածով և այն հանգամանքով, որ Վրաստանում մայիսի 18-ից չեղարկվել են ֆիզիկական անձանց ելումուտի սահմանափակումները։
Լրացուցիչ գործոն են նաև անձրևները, որոնք հանգեցնում են սելավների և քանդում ճանապարհները։ Տարեսկզբից ի վեր կուտակումներն ավելի քան 40 օր խիստ դժվարացրել են անցակետի աշխատանքը։
Հիշեցնենք` հունիսի 27-ին «Վերին Լարս» տանող մայրուղու 136-րդ կմ-ում Վրաստանում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Հունիսի 28-ին ժամը 21:15-ից ճանապարհը դարձյալ փակվել էր, իսկ հուլիսի 3-ի ժամը 07.00 - ի դրությամբ ռազմավիրական ճանապարհը գործում է բնականոն ռեժիմով։
Վերին Լարսով բեռնափոխադրումներն առաջիկայում էապես կավելանան. Ալեքսեյ Գորդեև