Յակուտսկի միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացել է «Քոչարիով» և «Սասունցի Դավիթ» էպոսով

Յակուտսկի օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի ունեցած ամփոփիչ համերգը եզրափակվել է ազգագրական երգ ու պարի «Արդվին» անսամբլի՝ հայկական «Քոչարի» պարի կատարմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈւՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին, որը կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Փառատոնը նվիրված էր Ռուսաստանի և աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Մասնակցում էին Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Կալմիկիայի, Ալթայի, Տիվայի, Բուրյաթիայի, Յակուտիայի շուրջ 100 ներկայացուցիչներ։
Փառատոնին Հայաստանը ներկայացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված «Քոչարի» պարի և «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակմամբ։
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Փառատոնին «Քոչարի» պարը ներկայացրել է «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլը, որը հանդես է եկել «Քոչարու» 5 տարբերակների ընդհանրացված բեմադրությամբ, իսկ «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացրել է «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր-ղեկավար Կորյուն Դավթյանը: