ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը որոշել է հիշեցնել, թե ինչ հիվանդություններ են առաջացնում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։
«Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի զարգացման հիմնական գործոններից են։ Այս տեսակի քաղցկեղը ամենատարածվածներից է։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են աչքի համար և կարող են առաջացնել տեսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ կատարակտ, դեղին բծի դեգեներացում, ֆոտոկերատիտ, պինգվեկուլ և աչքի պտերգիում։ Այս ամենը կարող է հանգեցնել մինչև անգամ տեսողության ժամանակավոր կորստի»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվելիս հնարավոր է ջերմային հարված ստանալ, ինչը մեծ սթրես է օրգանիզմի համար։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հորդորում է զգոն լինել և պաշտպանվել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: