ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ 54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005-ից գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընթացքում երիտասարդ մարզիկներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հաղթական մեդալներով:
Արմեն Բաբալարյանը նոր պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, որը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2019 թվականից:
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշները Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունից բերել են մեկական ոսկե և արծաթե և երկու բրոնզե մեդալ։