ՀԿԵ-ն այս տարի արդեն 1.5 միլիոն տոննա բեռ է փոխադրել

Բեռնատար գնացք
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ 48 նոր կիսավագոն գնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է: Տեղեկությունը հրապարակվել է ՀԿԵ–ի պաշտոնական կայքում։
Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 223 600 տոննա բեռ, գրեթե նույնքան, ինչ նախորդ տարի, իսկ ներմուծման հաղորդակցությունում՝ 329 700 տոննա կամ 31,5 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 926 300 տոննա՝ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ 6, 4 տոկոս անկումով:
«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում փոխադրվել է 148 000 տոննա արդյունաբերական հումք և 75 300 տոննա կոնտեյներային բեռ։ Փոխադրվել է նաև 188 600 տոննա նավթալից բեռ, ինչը 16.8 տոկոսով գերազանցում է 2021-ի ցուցանիշը»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վրացական և ռուսական երկաթուղիների օպերատորների հետ համատեղ իրականացվում է սակագնային ձևավորման ճկուն քաղաքականություն, կիրառվում են տարբեր տեսակի բեռների փոխադրման զեղչեր:
Բացի այդ, ՀԿԵ-ն նախատեսում է մինչև տարեվերջ 48 նոր կիսավագոն գնել։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀԿԵ-ն հայտնել էր` 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220 500 ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ։