«ԳեոՊրոՄայնինգն» ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև

Մեկնարկել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը «ԳեոՊրոՄայնինգի» աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը ընդլայնում է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանի հետ. ընկերությունը սկսել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։
Նշենք, որ համագործակցության շրջանակներում հայ ուսանողները գործուղվում են սովորելու Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանում, որից հետո աշխատանքի են ընդունվում ընկերությունների ակտիվներում։
Հանքարդյունաբերողները կազատվեն պետտուրքից, բայց պետության եկամուտները կավելանան
Կողմերը պայմանավորվել են նաև խորացնել համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի համալսարանի հետ` իրականացնելով ընկերության կողմից ներկայացված նպատակային կրթության զարգացման ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, իսկ հետագայում նաև ՀԱՊՀ լեռնահանքային արդյունաբերության և օգտակար հանածոների վերամշակման ոլորտում իրենց փորձի ներդրմամբ։ Առաջիկայում կստեղծվի իրավասու համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի մշակել տեխնիկատնտեսական հիմնավորումն ու նախագիծը։
«Հայաստանը հարուստ է հանքարդյունաբերական կարողություններով, իսկ արդյունաբերության հիմքը դրվում է կրթական գործընթացներում։ Մեր խնդիրն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական ուղղվածություն ունեցող լեռնամետալուրգիական ֆակուլտետը հասցնել միջազգային մակարդակի»,- ասել է ընկերությունների խմբի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի համալսարանը խոշորագույն հանքարդյունաբերական բուհերից է և Ռուսաստանի առաջին բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։ Համալսարանը պատրաստում է մասնագետներ լեռնամետալուրգիական և նավթագազային համալիրի, երկրաբանական հետազոտության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բոլոր ոլորտների համար: Համալսարանը 9 ֆակուլտետներում ունի 16 500 ուսանող՝ 97 ուղղություններով և մասնագիտություններով։