Եվրամիությունը աշնանը ՌԴ-ի ակտիվների բռնագրավումը թույլատրող որոշում կընդունի

ԵՄ կենտրոնակայանը Բրյուսելում. Արխիվային լուսանկար
Փաստաթղթի ընդունումից հետո պատժամիջոցները շրջանցելու փորձը ԵՄ ողջ տարածքում կներառվի քրեական հանցագործությունների ցանկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Պատժամիջոցները շրջանցելու դեպքում Եվրամիությունում ռուսական ակտիվների բռնագրավումը թույլատրող որոշումը կընդունվի հոկտեմբերին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Եվրոպայի արդարադատության հարցերով հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:
«Մենք արդեն ստացել ենք խորհրդարանի համաձայնությունը, խորհրդում նույնպես կոնսենսուս կա։ Խորհուրդն այդ փաստաթուղթը պաշտոնապես հավանության կարժանացնի ամառային ընդմիջումից հետո։ Դիրեկտիվը կընդունվի հոկտեմբերին: Մենք շատ արագ ենք առաջ շարժվում»,- ասել է եվրահանձնակատարը։
Նա նշել է, որ դրանից հետո պատժամիջոցները շրջանցելու փորձն ամբողջ ԵՄ-ում կներառվի քրեական հանցագործությունների ցանկում, ինչը ճանապարհ է բացում ռուսական բիզնեսի ակտիվների բռնագրավման համար:
Եվրահանձնաժողովը մայիսի 25-ին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել սառեցված ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավման, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման հետ կապված խախտումները Եվրոպական միությունում քրեական հանցագործությունների ցանկում ներառելու վերաբերյալ:
Եվրամիության երկրները փետրվարի վերջից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդեն 6 փաթեթ են սահմանել Ուկրաինայում առկա իրադրության պատճառով: