Երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբխի» տարածքում շինարարական աշխատանքներն արգելված են. ԳԱԱ

Հատիս լեռը
ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը կարծում է, որ պետք է հրապարակվեն հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին կառավարության` 2008 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ` Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը` անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար իրականացվող աշխատանքներին։

«ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույլտվություն, մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում»,–ասված է հայտարարությունում։

Ինստիտուտը նշում է` հաշվի առնելով, որ հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը, և ԶԼՄ–ներիտարածած լուսանկարներում երևում է, որ Հատիսի գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, անհրաժեշտ է, որ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն անկախ փորձաքննության համար։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին գործարար Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
Բա հիմա ո՞ւր դնեմ այս արձանը․ օրենքով Հատիսը պաշտպանված է, իրականում անպաշտպան է մնացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։