ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հուլիսի 11-ին, ժամը 21։18-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ շտապօգնության ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում բախվել են շտապօգնության ծառայությանը պատկանող «Toyota HiAce » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1954 թ.) և «Zil 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Ղ․, ծնված 1973 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Ա․ Հ․-ի (ծնված 1983 թ.), Մ․ Ա․-ի (ծնված 1972 թ.) և Ս․ Հ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Ժ․ Ղ․-ինը՝ ծայրահեղ ծանր։
Ըստ Shamshyan.com-ի՝ շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր Դալարիկ գյուղ։ Տուժածների մեջ են նաև բժիշկն ու բուժքույրը: