ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի համար։ Այս տվյալը նշված է պարզաբանման մեջ, որը տարածել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած լեյտենանտ Արամ Քալանթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` ասելով, որ իր հաշմանդամության կարգը փոխել են և զրկել հատուցումից։ Զինծառայողի դեպքը համացանցում բուռն քննարկման առարկա էր դարձել։
«Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ։ Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող հատուցմանը, տեղեկացնում ենք, որ կարևորելով հարցի զգայունությունը, այս ուղղությամբ նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,–ասված է պարզաբանման մեջ։
Նշվում է նաև, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում և անձի հաշմանդամությունը սահմանվում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։
Ինչ վերաբերում է հաշմանդամություն կարգի չափորոշիչներին, ապա դրանց կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ։
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` երբ բժիշկները պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց կարգը երկրորդից դարձնում են երրորդ, դա արվում է համաձայն դասակարգիչների: Այսինքն`հաշմանդամություն ունեցող անձի առողջական վիճակի մեջ տեղի է ունեցել բարելավում: Սա, ըստ նախարարի, պետք է դիտարկել որպես դրական դինամիկա։