ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը չի հերքում` ընդդիմադիր շարժման շարքերից հեռացողներ կան ու չի բացառում, որ էլի են լինելու։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում` պատասխանելով Սյունիքում համայնքների ընդդիմադիր ղեկավարների կողմից Փաշինյանի տիկնոջը ծաղկեփնջերով դիմավորելու մասին հարցին։
«Լինելու են, շատերը չեն դիմանալու։ Բայց ես այսպես եմ վերաբերվում. ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, մենք էլ իմանանք` ուր ենք գնում»,– ասաց Սաղաթելյանը` միաժամանակ հավելելով, որ չի կարծում, թե այդ դեպքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ շարժման գործունեության արդյունավետության վրա։
Անդրադառնալով Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի օրինակին` Սաղաթելյանը հայտնեց, որ տեղի ունեցածն իր համար անհասկանալի ու անընդունելի է։
«Ես, անկեղծ, շատ եմ ափսոսում, որովհետև Մանվել Փարամազյանն այն մարդկանցից է, որ այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի արդյունքում ապօրինի ազատազրկվել է, քանի ամիս ապօրինաբար գտնվել է բանտարկության մեջ։ Այն, ինչ կատարվել է, ինձ համար անընդունելի է, ինչ–որ տեղ` անհասկանալի։ Բայց ամեն մարդ ինքն է որոշում իր քայլերը, և ամեն մեկն իր պահվածքի համար տալիս է բացատրություն կամ պատասխան»,– ասաց «Դիմադրություն» շարժման համակարգողը։
Հիշեցնենք` Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելել էր Քաջարան համայնք, որտեղ նրան ծաղկեփնջով դիմավորել էր համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։