Սպանվել է Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանը»

ՀՀ ոստիկանություն
Ծաղկաձորում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Ալիկ Վարդանյանի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր Վարդան Առաքելյանը տեղում մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հուլիսի10-ին, ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, իրավապահները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Վարդան Առաքելյանն է, Կոտայքի մարզում հայտնի որպես «Ծռի Վարդան»։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր Վարդան Առաքելյանը տեղում մահացել է։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) և 335 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) հատկանիշներով։