ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Նշվում է, որ հուլիսի 11-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունը։
«Առաջիկայում բարձր մակարդակով նախանշված ռուս–թուրքական հանդիպման նախաշեմին առաջնորդները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,–գրված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, Պուտինն ու Էրդողանը քննարկել են տնտեսական համագործակցությանը, առևտրի ընդլայնմանը, էներգակիրների հաշվարկների և մատակարարման մեջ ազգային արժույթի կիրառմանն առնչվող հարցեր։
Միջազգային օրակարգի համատեքստում կողմերը քննարկել են սիրիական կարգավորումը։ Երկու երկրների առաջնորդները Աստանայի գործընթացի շրջանակում կարևորել են համատեղ եռակողմ (իրանական գործընկերների մասնակցությամբ) աշխատանքը։