Մինչև տարեվերջ 150 առանձնատուն պատրաստ կլինի. Արցախի նախագահն այցելել է Ասկերան

Արայիկ Հարությունյանը ռազմավարական է որակել պատերազմից հետո մեկնարկած այս խոշորամասշտաբ ծրագրերը և ընդգծել, որ, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրներին, դրանց իրականացման համար պետական միջոցներից շարունակվելու են հատկացվել գումարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին, հայտնում եմ նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը նախ այցելել է Պատարայում կառուցվող ջրամբարի տարածք: 10 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանակերտի ջրընդունիչ կայանը սնուցող նոր ջրատար խողովակաշարը: Ներկայումս ընթանում են մեծ ջրամբարի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2025թ.-ին:
«Արայիկ Հարությունյանը ռազմավարական է որակել կյանքի կոչվող ծրագրերի նշանակությունը, ընդգծել, որ, չնայած առկա սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներին, դրանց իրականացման համար պետական միջոցներից շարունակվելու են հատկացվել անհրաժեշտ գումարներ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահի այցելության հաջորդ վայրերը Աստղաշենի և Հովսեփավանի վարչական տարածքներն էին, որտեղ պետական և բարեգործական միջոցներով կառուցվում են համապատասխանաբար 149 և 92 առանձնատներ: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև ընթացիկ տարվա վերջ երկու բնակավայրերում պատրաստ կլինի ավելի քան 150 առանձնատուն` նախատեսված Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս համայնքների բնակիչների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների համար:
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև մեկ տարի առաջ ժամանակակից ագրոկանոններով հիմնված «Գրիկա ագրո» ՓԲԸ խաղողայգու և «Գրեեն Լանդ-1» ու «Գրեեն Լանդ-2» ՍՊ ընկերությունների արքայանարնջի և սերկևիլի այգիներում, այցելել ռուսաստանաբնակ գործարարի կողմից հայրենի Խնապատ գյուղում հիմնած «Բեսթ ֆուդ» սառնարանային տնտեսություն, որը զբաղվում է նաև պտուղների և հատապտուղների աճեցմամբ: Արցախի նախագահը հավաստիացրել է, որ պետությունը պատրաստ է խրախուսել և աջակցել այն տնտեսվարողներին, ովքեր արդի չափորոշիչներին համապատասխան տնտեսություններ կհիմնեն:
Այլևս Ստեփանակերտ հասնել պետք չէ․ Թումո տուփեր են բացվել Ասկերանում և Մարտունիում