ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ծանուցում է ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք azdarar.am-ից։
Դատախազություն են հրավիրվել նաև Մարգարյանի և Կոստանյանի հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամները։
Այսպես, Տարոն Մագարյանին ուղղված ծանուցագրում նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում վերջինիս պատկանող գույքի առնչությամբ իրականացնում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ուստի, նա հրավիրվում է ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։ Մարգարյանը հուլիսի 14 ին, ժամը 10:00-ին նույնպես պետք է ներկայանա դատախազություն։
Դատախազություն են հրավիրվել նաև Մարգարյանի կինը` Գոհար Սարգսյանը, դուստրը` Սուսաննա Մարգարյանը, որդիները` Նահապետ և Անդրանիկ Մարգարյանները և այլք...
Միաժամանակ, Գևորգ Կոստանյանին նույն պատճառով մեկ ամսվա ընթացքում հրավիրում են դատախազություն։ Բացի այդ, անհրաժեշտ է դատախազություն ներկայանալ նաև հուլիսի 19-ին, ժամը 11-ին։ Դատախազություն են հրավիրվել նաև Կոստանյանի կինը` Լիլիթ Կոստանյանը և նրանց առնչվող այլ անձինք։
Ի դեպ, ավելի ուշ պարզ դարձավ, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը նույնպես ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել է դատախազություն։