ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Գրավը նշանակվել է 1 մլն դրամ, որն ազգականներն արդեն իսկ վճարել են։ Այժմ գնում ենք, որպեսզի վճարման ապացույցները ներկայացնենք քրեակատարողական հիմնարկ, որ ազատ արձակեն»,- ասաց Պողոսյանը։
Նշենք, որ մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։