Ի՞նչ հարցեր են քննարկել ՀՀ ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը Վրաստանում

Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարի ու ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այց է կատարել Վրաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Քուտաշվիլիի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՖՆ եւ ՊԵԿ ստրաբաժանումների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը կարևորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մաքսային և հարկային ոլորտներն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:
Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ