Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր

Արա Խզմալյանը և Կախա Սիխարուլիձեն համագործակցության վերաբերյալ հուշագիր են կնքել
Արա Խզմալյանը վրաց գործընկերոջն ապագայում միասնական նախագծերի իրականացման առաջարկներ է ներկայացրել` վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը, սերտացնել 2 երկրների Գեղարվեստի ակադեմիաների միջև համագործակցությունը և այլն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ հուշագիր են կնքել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մինչ հուշագրի ստորագրումն ամփոփել է վերջին անգամ Վրաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները:

«Նա մասնավորապես ընդգծել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում անցկացված միջոցառումները, կարևորել Ջավախքում իրականացված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը և տեղեկացրել, որ համանուն ցուցահանդեսը կբացվի և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում»,- ասված է հաղորդագրությունում:

Խզմալյանն անդրադարձել է նաև հուլիսի 10-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնին և նշել, որ մասնակցում են նաև վրաց կինոգործիչներ։
Կախա Սիխարուլիձեն էլ ընդգծել է մշակույթի, մարդկանց, փոխըմբռնման պարտադիր առկայությունը:
Հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ապագայում միասնական նախագծերի իրականացման առաջարկներով է հանդես եկել` Ջավախքում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնում, միասնական ջանքերի գործադրմամբ Եվրոպական խորհրդում մշակութային երթուղիների մշակում, 2 երկրների Գեղարվեստի ակադեմիաների միջև համագործակցության սերտացում, մշակութային փոխադարձ այցելություններ և այլն:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույց, գործողությունների պլան ու անցնել հստակ քայլերի: