ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանում երիկամային փոխպատվաստում ստացած 116 մարդ կա, փոխպատվաստված լյարդով ապրում է 16 հոգի, և միայն 1–ին սրտի փոխպատվաստում է արվել։ Նրանց մի մասն այդ վիրահատություններն իրականացրել են արտերկրում,որտեղ դիակային փոխպատվաստումն արդեն զարգացած է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Աշխարհում յուրաքանչյուր 9 րոպեն մեկ ևս 1 հիվանդ սպասում է որևէ օրգանի փոխպատվաստման իր հերթին:
Խնդրի լուծման 2 տարբերակ կա` մի դեպքում դոնորները ողջ մարդիկ են, մյուս դեպքում դիակային դոնորությունն է գործում։
Զարգացած երկրներում հյուսվածքների և օրգանների դիակային փոխպատվաստման գործուն օրենքի դեպքում հնարավոր է 1 դիակային դոնորից կատարել 8 փոխպատվաստում և փրկել մինչև 8 հիվանդի կյանք:
«Հայաստանում մարդու օրգանները կամ հյուսվածքները փոխպատվաստելու մասին օրենքն ընդունվել է 2002 թվականին։ Մինչ օրս դիակային դոնորից փոխպատվաստում չի իրականացվել»,– նշում են նախարարությունից։
Այժմ Հայաստանում ծրագրային հեմոդիալիզ ստացող 1100 հիվանդ կա և ըստ միջազգային ստանդարտների նրանց ավելի քան 50 տոկոսը երիկամի փոխպատվաստման սպասող հիվանդներ են։ Նման հիվանդների թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է 10-12 տոկոսով, բայց դոնորների առումով Հայաստանի ցուցանիշը չի բարելավվում։
Դոնորների պակասը համաշխարհային խնդիր է, և բազմաթիվ կյանքեր կարող են փրկվել, եթե միայն փոխպատվաստման հնարավորություն լինի: