Փողոցում իրացվող սննդամթերքն արևի ուղիղ ճառագայթների տակ կամ ասֆալտի վրա աղտոտվում է, ինչից մարդիկ կարող են թունավորվել, Sputnik Արմենիայի եթերում հայտնեց պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։
«Փողոցում ոչ պատշաճ պայմաններում իրացման ժամանակ մթերքը կարող է աղտոտվել։ Կենսաբանական աղտոտման դեպքում, երբ դրսում 35 կամ ավելի աստիճան ջերմություն է, հիանալի պայմաններ են ստեղծվում, որ միկրոօրգանիզմները բազմանան, ինչը կարող է բերել թունավորման»,- ասաց Պիպոյանը։
Սա դեռ կենդանական ծագման սննդամթերքի վաճառքի մասին է, օրինակ՝ ձկներ, ձկնկիթ և այլն, որոնք շատ հաճախ հանդիպում են Հայաստանի փողոցներում։ Բուսական ծագման սննդամթերքի աղտոտման համար էլ, Պիպոյանի խոսքով, պատճառ կարող է լինել դրանք անմիջապես ասֆալտի վրա վաճառելը, քանի որ ասֆալտն ինքնին թունավոր նյութեր է պարունակում, ու կարող է տեղի ունենալ թունավոր նյութերի միգրացիա դեպի սնունդ։ Դրա լավ օրինակն է հիմա ասֆալտի վրա վաճառվող ձմերուկը։
Մյուս կողմից՝ արևի ուղիղ ճառագայթների դեպքում կարող է նաև մթերքի կազմափոխություն կամ գոյություն ունեցող տարբեր բորբոսասնկերի բազմացում լինել, որոնք կարող են կենսաբանական ծագման քիմիական թույներ արտադրել։ Ըստ այդմ, Պիպոյանն ընգծեց՝ շատ կարևոր է, որ սննդամթերքի անվտանգությունն ապահովվի սննդի մատակարմամն շղթայի ողջ փուլում՝ առաջնային արտադրությունից մինչև իրացում։
Փորձագետի խոսքով՝ երբ խոսում ենք փողոցներում վաճառվող սննդամթերքի մասին, մենք հաճախ ուշադրություն ենք դարձնում բացառապես վերջին հանգամանքին՝ իրացման պայմանների կանոնների պահպանմանը և խախտումների դեպքում սննդի անվտանգության վրա ազդեցությունը, սակայն խախտումներ կարող են լինել սննդի մատակարարման հենց առաջին շղթայում, ինչից հետո տարբերություն չկա, թե որտեղ այն կվաճառվի։
«Եթե դաշտում օգտագործվել է թունաքիմիկատ կամ պարարտանյութեր, որոնք արդեն իսկ գերազանցում են թույլատրելի նորմը, ապա որևէ տարբերություն չկա, թե սնունդը որտեղից ձեռք կբերվի՝ սուպերմարկետից, տան կողքի խանութից թե փողոցում դրված բաց տարածքներից»,- ասաց Պիպոյանը։
Փորձագետը նաև նշեց՝ բաց վայրերում իրացվող մթերքը մեկ այլ կարևոր խնդիր ունի՝ դրանք որպես կանոն անհայտ ծագման մթերքներ են։
«Եթե սնունդը գնում ենք որևէ խանութից, ու հետո խնդիր է լինում, որը հայաստանյան պրակտիկայում շատ նորմալ է, հետագայում կարող եք Սննդային անվտանգության տեսչական մարմնին հայտնել, որը կհետևի իրավիճակին, իսկ փողոցային առևտրի դեպքում ոչ մեկից ոչինչ չես կարող պահանջել»,- շեշտեց Պիպոյանը։
Հետևաբար, փորձագետը խորհուրդ է տալիս հատկապես շոգ ամռանը զերծ մնալ նման վայրերից սննդի ձեռքբերումից։ Ավելին՝ ամռանը նույնիսկ տանը պետք է պահել սննդի անվտանգության բոլոր կանոնները, քանի որ շոգին սնունդն ավելի արագ է փչանում։
Պիպոյանը նաև հավելեց, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության խնդիրները բազմաթիվ ու բազմապիսի են, դրանք չեն սահմանափակվում միայն փողոցային առևտրով, ավելին՝ Հայաստանի ռեստորանային ցանցերում ու հանրային սննդի կետերում տարեկան ավելի շատ թունավորվում է արձանագրվում, քան փողոցային ուտելիքից։
Հիշեցնենք, որ Հայաստանում օդի ջերմաստիճանն ամռանը հասնում է մինչև 36 աստիճանի, սպասվում է նաև ջերմաստիճանի աճ մինչև 41 աստիճան։