Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Բացումն ազդարարվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ․ սա հայ-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմ է, որ թողարկվել է 2022 թվականին։
«Այս տարի «Ոսկե ծիրանը» վերջապես վերադառնում է իր երբեմնի ծավալներին մի քանի ճգնաժամային տարիներից հետո... Ժամանել են ավելի քան 150 միջազգային հյուրեր, որոնց թվում են ժամանակակից կինոարվեստի ամենավառ անունները», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը:
Ամենաազդեցիկ հյուրերի թվում են իռլանդացի օսկարակիր սցենարիստ և ռեժիսոր Թերի Ջորջը, կատալոնացի ռեժիսոր, փորձարար և նոր կինոյի ներկայացուցիչ Ալբերտ Սերան, կինոյի ականավոր մենթոր և վավերագրող Մարինա Ռազբեժկինան, աշխարհի ամենահեղինակավոր վավերագրական կինոյի փառատոնի և Ամստերդամի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Օրվա Նիրաբիան, ֆրանսիացի ռեժիսոր Կոստա Գավրասը:
Հեղինակավոր հյուրերի թվում են նաև մարդիկ, ովքեր ուղիղ կապ չունեն կինոյի հետ, բայց իրենց ներկայությամբ զարդարում են փառատոնը, օրինակ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դինային։
Կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն տարբեր երկրների շուրջ 100 ֆիլմեր, ինչպես նաև ամենահեղինակավոր կինոէկրաններին ավելի վաղ ցուցադրված ֆիլմեր: