ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իրանը շարունակում է մինչև 20 տոկոս հարստացված ուրան արտադրել Ֆորդոուի իր միջուկային օբյեկտում։
Այս մասին նշվում է ՄԱԳԱՏԷ-ի դեռ չհրապարակված զեկույցում, որին հղում է անում Reuters-ը։ Կիրառվում են սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արագ փոխել հարստացման եղանակները: Իրանը պարտավոր է տեղեկացնել ՄԱԳԱՏԷ-ին նման ռեժիմների փոփոխության մասին։ Եթե դա չանի, դրա գործողությունների մասին տեղեկությունները, միևնույն է, կհասնեն ՄԱԳԱՏԷ-ին, սակայն որոշ ուշացումով, նշված է զեկույցում:
Հուլիսի 7-ին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է, որ Ֆորդոուի հարստացուցիչ ցենտրիֆուգների համար սկսել է UF6 (ուրանի հեքսաֆլյուորիդ) ռադիոակտիվ գազ մատակարարել, որը հարստացվել է մինչև 5 տոկոս: Ցենտրիֆուգների վրա գազից ուրան է առանձնանում։
Այլ օբյեկտներում Իրանը հարստացնում է ստացված ուրանը 20 տոկոսից մինչև 60 տոկոս, բայց առայժմ 90 տոկոսից ցածր է, որը հարկավոր է միջուկային զենքի համար, նշում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս էր եկել՝ վերսկսելով Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը շարունակել է ուրանը հարստացնել համաձայնագրով նախատեսված 3,67% մակարդակից բարձր։