Մոնաստիր քաղաքի օդանավակայանի ժամանման սրահում երկար հերթ է, մի տղամարդ սրահով մեկ գոռում է «Հայերը` ա՜յս կողմ»։ Նա անհասկանալի նամականիշներ է բաժանում, և պարզվում է, որ դա հենց վիզան է, որը պետք է փակցվի բոլորին հայտնի դասական մեթոդով։ Մեզ ուղարկում են սահմանային անցակետ, բայց հետո ասում են, որ տեխնիկական խնդիրների պատճառով պետք է սպասենք։
Բարկացած և ծովին կարոտ հայ կանայք մի հերթից մյուսն են նետվում, իսկ բարձրահասակ ռուսախոս տղամարդը պտտվում է նրանց միջև և փորձում հանգստացնել բոլորին։ Ավելի ուշ պարզվում է, որ նա հենց մեր զբոսավարն է՝ Սամիր Մնիֆը կամ, ինչպես մենք նրան անվանեցինք, «Սամո ջան»-ը։ Ի դեպ, նա 90-ականների «լեզվով» է խոսում՝ դոլարին ասում է «բաքս», ադամանդին՝ «բրյուլիկ» և այլն։ Տղամարդը մանրամասն պատմում է ոչ միայն տեսարժան վայրերի մասին, այլև ներկայացնում տեղի ավանդույթները։
Սամիր Մնիֆ
© Sputnik / Nana Martirosyan
- Սամի՛ր, ես դեն կնետեմ իմ բոլոր սովետական հանրագիտարանները և ձեզ իմ տուն կտանեմ, Դուք քայլող հանրագիտարան եք,- կատակում է մեր խմբի կանանցից մեկը։
Մյուսն էլ առիթից օգտվում է և սկսում հարցուփորձ անել Թունիսի հարսանեկան ավանդույթների մասին։ Զբոսավարն ասում է, որ ամուսնանալու երկու ձև կա` ավանդական՝ խնամախոսությամբ և յոթ օր-յոթ գիշեր հարսանիքով, և սովորական` ժամանակակից տարբերակը։ Երկու դեպքում էլ հարյուրավոր հյուրեր են լինում։
- Հարսանիքից առաջ կարող են հարսին երեք ամիս կավով փաթաթել, որպեսզի արևայրուք չունենա, և մաշկը ձյունաճերմակ լինի։
- Ես կատարյալ հարսնացու եմ, ի ծնե սպիտակ մաշկ ունեմ։
- Արաբները թմբլիկների են սիրում, դուք մի քիչ նիհար եք,- կատակում է զբոսավարը։
- Աստված իմ, իզո՞ւր էի ամառվա համար նիհարում։
Ավտոբուսը լցվում է քրքիջով։ Ես հարցուփորձ եմ անում, և Սամիրը հաճույքով պատմում է իր պատմությունը։ Նա տնտեսագիտության թեկնածու է, դասավանդել է համալսարանում, բայց հանգամանքների բերումով սկսել է տուրիզմով զբաղվել և շատ է հավանել։ Կարողացել է ռուսալեզու զբոսավարի արտոնագիր ստանալ, քանի որ կրթությունը ստացել է Խորհրդային Միությունում։
Սամիր Մնիֆ
© Sputnik / Nana Martirosyan
ԽՍՀՄ է մեկնել 1988թ․-ին՝ Թունիսում տեղի ունեցած առաջին հեղափոխությունից մեկ տարի անց։ Այն ժամանակ Թունիսում ուսանողները մշտապես դասադուլ էին անում, և նա որոշում է որակյալ կրթություն ստանալու համար մեկնել ԽՍՀՄ, որտեղ քիչ բան գիտեին իր երկրի մասին, և Սամիրը համակուրսեցիների «գլխին սարքում էր»՝ պատմելով, թե ինքը Թունիսի միակ սպիտակամորթն է և երբեմն կերակրում է փողոցում վազվզող կապիկներին։
«Այստեղ էլ Ռուսաստանի մասին քիչ բան գիտեին։ Կարծում էին, թե բոլորը կապուտաչյա են ու շիկահեր, այդ պատճառով այնտեղ հասնելուց հետո ինձ ոգեշնչում էին հայերի, վրացիների, աբխազների, լատինաամերիկացիների, աֆրիկացիների հետ հանդիպումները։ Ինձ միայն զարմացրել էր, որ ռուսերեն Я տառը անգլերեն R-ն է, բայց՝ հակառակ կողմից»,- խոստովանեց նա։
Սամիրն ընդունվել է մաթեմատիկայի ֆակուլտետ և առանց ռուսերեն մի բառ իմանալու մեկնել է Ռուսաստան։ Բայց քանի որ տիրապետում էր արաբերենին, ֆրանսերենին, անգլերենին և իտալերենին, ևս մի լեզու սովորելը դժվար չէր։ Անգամ իր կնոջը՝ Ալլային, որի հետ ծանոթացել է հարսնացուների քաղաք Իվանովոյում, ռուսերեն է սեր խոստովանել։
«Երբ ես հորս պատմեցի, որ պատրաստվում եմ քրիստոնյայի հետ ամուսնանալ, չառարկեց և խնդրեց, որ չպնդեմ, որպեսզի նա իսլամ ընդունի, որովհետև «Սուրբ գիր» է կարդում։ Կինս քրիստոնյա մնաց, արդեն 25 տարի է` ապրում է Թունիսում, նույնիսկ արաբերեն է խոսում»,- հպարտությամբ ասաց Սամիրը։
Ի դեպ, նրանք երբեք չեն մտածել Թունիսից հեռանալու մասին։ Սամիրը մոլորակի լավագույն վայրը համարում է իր հայրենիքը, որտեղ այնքան շատ մշակույթներ, կրոններ ու ժողովուրդներ են խառնված։
Նրա խոսքով` թունիսցիների երակներով արյունների կոկտեյլ է հոսում, իսկ երկիրը հասմիկի բույր ունի և կարող է զարմացնել համերի, հոտերի ու գույների բազմազանությամբ։