Ղրղզստանի Իսիկ-Կուլ լճի հարավային ափի մոտակայքում՝ Ջուկու ձորում հսկա սառցադաշտ է փլուզվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության շտապ ծառայություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ հալոցքի պատճառով սառցադաշտ է փլուզվել Ջետա-Օղուզի շրջանի Ջուկու ձորում», - նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայողները՝ փլուզման հնարավոր հետևանքները վերացնելու համար։
Նշենք, որ Ջուկոն Ղրղզստանի ամենաերկար կիրճերից է։ Այդտեղով են անցնում բազմաթիվ տուրիստական երթուղիներ։