Բասկետբոլիստ Հայկ Գյոկչյանը Լիբանանի հավաքականի կազմում հանդես կգա Ասիայի առաջնությունում

Լիբանանի բասկետբոլի հավաքականի անդամները
Գյոկչյանը «Բեյրութում» հանդես է գալիս «ծանր հարձակվողի» դիրքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Լիբանանահայ բասկետբոլիստ Հայկ Գյոկչյանը Լիբանանի հավաքականի կազմում դուրս է եկել Ասիայի գավաթի եզրափակիչ փուլ: Ընտրական խմբում լիբանանյան թիմը զբաղեցրել է առաջին տեղը՝ շրջանցելով Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Ինդոնեզիայի հավաքականներին:
Ասիայի գավաթի առաջնությունը կանցկացվի հուլիսի 12-24-ն Ինդոնեզիայում: Լիբանանը խմբում է հայտնվել Ֆիլիպինների, Հնդկաստանի և Նոր Զելանդիայի հետ:
Գյոկչյանը խաղում է «ծանր հարձակվողի» դիրքում (power forward)։ Նա հանդես է գալիս «Բեյրութ» ակումբում։
Գյոկչյանի ցուցանիշները հավաքականում թեպետ ամենաբարձրը չեն, բայց նա իր ներդրումն ունի թիմի հաղթանակներում։ Միջին հաշվով ընտրական փուլում նա մեկ խաղի հաշվարկով հավաքել է 6,3 միավոր և կատարել է 2,3 փոխանցում։
Նշենք, որ Հայկը բասկետբոլով զբաղվում է մանկությունից։ Նրա հայրը բասկետբոլիստ, մարզիչ Տիգրան Գյոկչյանն է։ 2013 թվականից Հայկը խաղում է Լիբանանում արդեն պրոֆեսիոնալ մակարդակում։